National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.10.2009
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը` Արտյուշ Շահբազյանի նախագահությամբ:

Առաջին ընթեցմամբ քննարկվեցին երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրինագծերը կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ պետեկամուտների նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` նշելով, որ հարկային եւ մաքսային ծառայությունների միացումից հետո անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել երկու ոլորտների օրենսդրությունը, ինչը եւ կառավարությունը կատարել է: Օրինագծով առաջարկվում է համապատասխանեցնել մաքսային եւ հարկային ծառայողների իրավունքները եւ պարտականությունները սահմանող դրույթները, ինչպես նաեւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում ներառել «Հարկային ծառայության մասին» օրենքում արտացոլված որոշ դրույթներ: Օրենքի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ  հարկային եւ մաքսային մարմիններում վերացնել հարկային եւ մաքսային ծառայողների իրավունքների եւ պարտականությունների միջեւ տարբերությունները, մաքսային ծառայությունում ներդնել ռոտացիայի սկզբունքը, նախատեսել մաքսային ծառայության գանգատարկման հանձնաժողով եւ սահմանել մաքսային ծառայության վարվելակերպի նորմեր: Պատգամավորների կողմից եղան դիտողություններ եւ առաջարկներ:

Իր հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ առաջարկվող լրացումը տեխնիկական բնույթի է եւ նպատակ ունի ուղղել օրենքում առկա վրիպակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Օրինագծի նպատակն է ՀՀ պետական բյուջեի կորուստների հնարավորության բացառումը, որը կարող է տեղի ունենալ այլ երկրների ներքին օրենսդրության փոփոխությունների հետեւանքով` կապված այդ երկրների ռեզիդենտ կազմակերպությունների շահաբաժինների չհարկման դրույթի ներդրմամբ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ երկրներում ներդրողները ազատվում են շահաբաժինների հարկումից: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածում նշված է, որ եթե օտարերկրյա ներդրողի ռեզիդենտության պետությունում շահաբաժինները չեն հարկվում, ապա հայկական կազմակերպությունից այդ օտարերկրյա ներդրողի ստացված շահաբաժինները Հայաստանում եւս չեն հարկվում: Արդյունքում ստացվում է, որ հայկական կազմակերպություններից ոչ ռեզիդենտների ստացված շահաբաժինների հարկումը Հայաստանում կախված է այլ երկրներում գործող օրենսդրությունից: Նախագծով առաջարկվում է հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինները հարկել 10% դրույքաչափով` անկախ ոչ ռեզիդենտների ռեզիդենտության երկրներում շահաբաժինների հարկման կամ չհարկման հանգամանքից:Հանձնաժողովը դրական եզրկացություն տվեց քննարկված օրինագծի վերաբերյալ` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ պարոն Ալավերդյանի` նախագծի մշակումը պայմանավորված է  հարկային մարմնի  իրականացրած ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը հարկային (տարածքային) տեuչության պետին փոխանցելու հնարավորություն վերապահել նաեւ հարկ վճարողների կողմից «Հարկերի մաuին» ՀՀ oրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով նախատեսված հայտարարության փակցման եւ դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգման դեպքում: Առաջարկվում է նաեւ չափագրման համար հանձնարարագիր հրապարակելու (այդ թվում`չափագրմանը անկախ փորձագետ ներգրավելու) լիազորություններ վերապահել նաեւ հարկային տեսչության պետին եւ մեկ չափագրման համար առավելագույնը 5 աշխատանքային օրվա սահմանափակումը փոխարինել 10 աշխատանքային օրով:  Նախագծի կարգավորման առարկան օրենքով սահմանված ստուգումների եւ չափագրումների արդյունավետության բարձրացումն է եւ հարկային տեսչությունների կողմից գործնականում ծագած խնդիրների առնչությամբ արագ արձագանքման ապահովումը:

Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց` նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար: 

Հանձնաժողովը  «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգեց մինչեւ 15 օրով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ անցկացրած նիստում քննարկեց եւ երաշխավորեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ներառել «Հայաստանի Հանրապետության 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

 Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված` ընթացիկ տարում կառավարությունը տնտեսությունն աշխուժացնելու նպատակով ներգրավել է  նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներ,  որոնք արտացոլված չեն 2009 թ. բյուջեում: Խորհրդարանում վավարեցված վարկային միջոցներ հատկացնելու մասին համաձայնագրերով  նախատեսվել է պետական համաֆինանսավորում, մինչդեռ պետական բյուջեում չեն նախատեսվել համաֆինանսավորման այդ ծավալի գումարներ: Ֆինանսների փոխնախարարը պատագամավորներին առաջարկեց համաֆինանսավորման գումարների չափով ավելացնել «ՀՀ  բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված` 2009 թ. միջծրագրային վերաբաշխումների թույլատրելի մակարդակը` 3 տոկոսը: Խոսքը, ըստ պրն. Սաֆարյանի, լրացուցիչ 5,8 մլրդ դրամի մասին է. համաֆինանսավորման գումարները մինչ այսօր հաստատված վարկային ծրագրերով այդքանով են գերազանցում 3 տոկոսի շեմը:   Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց նախագծի գործողությունը տարածել 2009 թ. հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերություններրի վրա: ործադիրի գնահատմամբ` այս քայլը  անհրաժեշտ է վարկային գումարներն ստանալու համար եւ հրատապ: Պրն. Սաֆարյանն  առաջարկեց  նախագիծն ընդունել հատուկ ընթացակարգով` առաջին եւ  երկրորդ ընթերցումների միջեւ կիրառելով 24 ժամյա ռեժիմ:  Հանձնաժողովը համաձայնեց այս առաջարկի հետ եւս:  
                
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց  երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ  Մուսայանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունից ստացվել է մեկ առաջարկություն, որն ընդգրկվել է նախագծում: Մասնավորապես առաջարկվում է Արմավիր քաղաքին պատկանող 1 հա հողակտոր հատկացնել Նորավանք գյուղին. այս հարցում կողմերը կողմերը ձեռք են բերել փոխհամաձայնություն:

Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող  հարցեր: Առաջիկայում հանձնաժողովը ծրագրել է  արտագնա նիստեր անցկացնել  հանրապետության սահմանամերձ մարզերում:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանի նախագահությամբ անցկացված նիստում քննարկեց օրակարգային երկու հարց: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` յուրաքանչյուր հանձնաժողով պետք է ունենա իր  կանոնակարգը: Հանձնաժողովի փոխնախագահի ներկայացմամբ` պատգամավորները հաստատեցին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը»: Փաստաթուղթը  կկանոնակարգի հանձնաժողովի գործունեությունը` նիստերը, լսումները, կսահմանի ենթահանձնաժողովների ստեղծման  եւ քաղաքացիների ընդունելության կարգերը եւ այլն:

Հանձնաժողովականները հաստատեցին նաեւ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի նախնական քննարկումների ժամանակացույցը: Գործադիր իշխանությունն առաջարկում է նոր համակարգերի ներդրմամբ  այս ոլորտը բարելավել:        

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am